Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իսրայելի պատմական որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ռաֆիկ Կիրակոսյան, June 29, 2026

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ողջունում է Իսրայել Պետության պատմական որոշումը՝ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Այս երկար սպասված քայլը, մեր կարծիքով, կարևոր առաջընթաց է պատմական ճշմարտության հաստատման ճանապարհին։

Այն իրականացվել է այն պայմաններում, երբ Թուրքիան ավելի քան մեկ դար է անցյալից իր արտաքին քաղաքականության հիմքում դրել ցեղասպանության ժխտումը՝ դրա համար օգտագործելով ահաբեկումներ և պետականորեն հովանավորվող քարոզչություն։ Այս ճանաչումը, նաև, կարևոր բարոյական հատուցում է 1915 թվականի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և նրանց սերունդների համար, ովքեր հարյուրամյա պայքար են մղել անհետ կորածների հիշատակը պահպանելու, արդարությունն ու ճշմարտությունը պահանջելու համար։

Այս պայքարը, սակայն, մնում է ավելի քան արդիական։ Հայերի բնաջնջումն ու տեղահանումն իրենց բնիկ հողերից, ցավոք, դեռևս անցյալի մնացուկ չեն։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները վառ հիշեցումն էին այն բանի, որ պանթյուրքիստական գաղափարախոսությունն ու ատելության քաղաքականությունը շարունակում են գոյութենական սպառնալիք ներկայացնել հայ ժողովրդի համար։

Հատկապես կարևոր է, որ Իսրայել Պետությունը, որը հառնել է Հոլոքոստի մոխիրներից և կրում է բնաջնջման համընդհանուր հիշողությունը, որոշեց խզել կապերը ռեալպոլիտիկի (իրական քաղաքականության) նկատառումների հետ և այս հանցագործությունն անվանել իր անունով։ Ինչպես հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը, «Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»։ Այս հայտարարությունն ընդգծում է հիմնարար ճշմարտությունը, որ լռությունն ու ժխտումը երբեք չեն պահպանում խաղաղությունը, այլ ընդհակառակը՝ նպաստում են հանցագործությունների կրկնությանը։

Այս որոշմամբ Իսրայելը վերահաստատում է իր հավատարմությունը արդարության, ճշմարտության և պատասխանատվության արժեքներին, որոնցով նա առաջնորդվել է իր ստեղծման ժամանակ։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նա հաստատում է, որ զոհերի հիշատակը չի կարող ստորադասվել պահի դիվանագիտական շահերին։

Մենք հույս ունենք, որ այս պատմական որոշումն, իր հերթին, կդրդի Թուրքիային անցնել ճշմարտության որոնման իրական գործընթացի։ Անկարայի համար ժամանակն է դադարել լինել երիտթուրքերի առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքական ժառանգորդը, հրաժարվել ցեղասպանության հանցագործներին փառաբանելուց և վերջապես ճանապարհ հարթել դեպի հաշտեցում, որը հիմնված կլինի փաստերի ճանաչման, արդարության և զոհերի հիշատակի հարգման վրա։ Ճշմարտության ճանաչումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ։ Ընդհակառակը, դա անհրաժեշտ պայման է ժողովուրդների միջև տևական խաղաղության և ապագա հանցագործությունների կանխարգելման համար։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes