Հայաստան-ԵՄ համագործակցությանը նոր շունչ տալու ծրագրեր Ռաֆիկ Կիրակոսյան, June 4, 2026 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսային խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելով Հայաստանի տնտեսական դիմակայունության և երկկողմ համագործակցության զարգացման հարցերը։ Զրույցի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության անսասան հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է համապարփակ աջակցության փաթեթ, որի հիմնական բաղադրիչը ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունն է։ Բացի այդ, նախատեսվում են լրացուցիչ միջոցներ՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և առևտրի դյուրացմանը։ Հատկապես ընդգծվել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին աջակցության կարևորությունը՝ նպատակ ունենալով եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի համար նոր հնարավորություններ ստեղծել։ Կողմերը մեծ կարևորություն են տվել գործարար կապերի խորացմանը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարմանը։ Նշվել է, որ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը արդեն իսկ օգնել է հազարավոր ձեռնարկություններին և նպաստել 20 000-ից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Զրույցում քննարկվել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային կապերի զարգացմանը՝ Հայաստանին դարձնելով ռազմավարական հաբ, որը միացնում է Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Այս համատեղ ջանքերի համակարգումն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ։ Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի վերջին սահմանափակումները, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, տնտեսական հարկադրանք են և անընդունելի։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն կաջակցի հայկական արտադրանքի առևտրի դյուրացմանը, ինչպես նաև կշարունակի կապեր հաստատել եվրոպական բիզնեսների հետ՝ հետևելով Երևանում կայացած գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։ Միջազգային