«Ուժեղ Հայաստան» կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի վեց սկզբունքները Մարգար Տեր-Գրիգորյան, March 18, 2026 Որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար՝ ես, Արթուր Ավանեսյանը (Կանդազ), ներկայացնում եմ մեր «Ուժեղ խաղաղություն» ծրագրի հիմնական վեց սկզբունքները, որոնք ուղղված են Հայաստանի պետականության և մեր ժողովրդի անվտանգության ամրապնդմանը։ Այս սկզբունքները ձևակերպվել են իմ երկարամյա զինվորական ծառայության, հատկապես Արցախում կատարած առաքելության և թշնամու ուժերի մասին ձեռք բերած խորը գիտելիքների հիման վրա։ Իմ կյանքի 30 տարիները նվիրված են եղել Հայրենիքին ծառայելուն, և ես հստակ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր և սպա։ Մեր հիմնական նպատակը հակառակորդին ճանաչող և դրանից ելնելով գործողություններ ձեռնարկող բանակի ստեղծումն է։ Ուժեղ բանակը սկսվում է ոչ թե մեդալներով, այլ կամքով, հավատով և սեփական ուժերի նկատմամբ անսասան վստահությամբ։ Հայաստանը այսօր բարդ ժամանակներ է ապրում։ Մեր շուրջը կան ուժեր, որոնք ուզում են մեզ տեսնել պառակտված, թույլ և ծնկած։ Արտաքին և ներքին սպառնալիքները դեռևս չեն նահանջել, բայց մեր թիվ մեկ թշնամին ոչ թե հարևանը, այլ մեզ պարտադրված թուլությունն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն է։ Այս իրավիճակը պահանջում է համակարգված և առաջընթացային քայլեր։ Մենք առաջարկում ենք հետևյալ վեց առանցքային սկզբունքները՝ որպես Հայաստանի անվտանգության ամրապնդման հիմք։ 1. «Խելացի սահման» համալիր համակարգի ներդրում։ Սա նշանակում է սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար մարդկային գործոնը նվազեցնելու և սենսորային ցանցերի ավտոմատ հարվածային համակարգերի հիմքում դրված սահմանային պաշտպանության համակարգի ստեղծում։ 2. Հետախուզության և կանխատեսման համակարգի ստեղծում։ Այս համակարգը կնպաստի սպառնալիքների վաղ կանխարգելմանը՝ թույլ տալով մեր բանակին միշտ մեկ քայլ առաջ լինել թշնամուց։ 3. Բանակի կառավարման համակարգի բարեփոխում։ Մենք պետք է ներդնենք ցամաքային և օդային կառավարման միասնական համակարգ, ինչպես նաև զգալիորեն ուժեղացնենք տեղեկատվական դաշտում մեր դիրքերը։ 4. Ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում։ Այս քայլը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից՝ ապահովելով մեր ռազմական տեխնիկայի և սպառազենության անկախ արտադրությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ 5. Երկնքի պաշտպանության առաջնահերթություն։ Փորձը ցույց է տվել, որ երբ երկինքը պաշտպանված չէ, հայ զինվորը պաշտպանված չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել ՀՕՊ համակարգեր, ռադիոէլեկտրոնային պատնեշներ (ՌԷՊ) և դրոններ բռնող համակարգեր։ 6. Հայ զինվորի պատվի և մրցունակության վերականգնում։ Ուժեղ բանակը հնարավոր չէ կառուցել թույլ ղեկավարության պայմաններում։ Մեր նպատակն է զինվորական ծառայությունը դարձնել մասնագիտական աճի և սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր։ Ուժեղ բանակը ոչ թե պատերազմ կսկսի, այլ կկանխի այն։ Այս վեց սկզբունքները, մեր համոզմամբ, կօգնեն Հայաստանին դառնալ ավելի անվտանգ, ինքնավստահ և ուժեղ պետություն։ Ես, որպես հայրենիքին նվիրված զինվոր, չեմ կարող հանգիստ քնել, երբ տեսնում եմ մեր երկիրը վտանգված։ Մեր պարտքն է ապահովել մեր ժողովրդի ապագան։ Քաղաքական