Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը

Մարգար Տեր-Գրիգորյան, April 9, 2026

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ ներկայացված մերժելի դրույթների ընդգրկումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Այս ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի գաղափարական հենքն է «իրական Հայաստանի» գաղափարը և երկրի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ծրագրում նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգի իրագործումը, որը ենթադրում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, սահմանված ընթացակարգով ժամանակավոր պատրիարքի նշանակում, Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության ընդունում և սահմանված կարգով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։

Ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից և ունի հատուկ առաքելություն։ Սակայն, նախորդ տարվա մայիսից երկրի իշխանություններն ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են վարում և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռանալուն։ Այս արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականներ, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes