Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման նախաձեռնողը՝ Հայաստանի վարչապետն է Ռաֆիկ Կիրակոսյան, March 31, 2026 Ապրիլի 1-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը։ Այցի ընթացքում Մոսկվայում նախատեսվում է վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ քննարկման օրակարգում են ռուս-հայկական հարաբերությունների ամբողջական շրջանակը՝ ներառյալ ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության և տնտեսական զարգացման հարցերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։ Այս հանդիպումը կայանում է մարտի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որը նախաձեռնվել էր Երևանի կողմից։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և պայմանավորվել, որ քննարկումները կշարունակվեն հանդիպման ձևաչափով։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին կառավարության ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ հենց ինքն է խնդրել Ռուսաստանի նախագահին հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ «Ես Հայաստանի վարչապետն եմ և ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը, ինչ են իրենից ներկայացնում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք, սովորաբար հենց ես եմ նրանցից հանդիպում խնդրում, ոչ թե՝ հակառակը, և դա նորմալ է»։ Այս հարցի շուրջ ծավալված բանավեճի ընթացքում վարչապետը նաև հստակեցրել էր, որ չի հիշում դեպքեր, երբ նման բարձր մակարդակի հանդիպումները նախաձեռնվել են ոչ իր խնդրանքով։ Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հերքել էր Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ բանակցությունների մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման բանակցություններ Ռուսաստանի կողմից չեն վարվում։ Միջազգային