Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը հակադարձեց Ադրբեջանի ներկայացուցչի զրպարտություններին ԵԱՀԿ համաժողովում

Ռաֆիկ Կիրակոսյան, March 20, 2026

Վիեննայում մարտի 16-17-ը կայացած «Օրենսդրություն՝ հանուն ժողովրդավարական դիմակայունության. Մարդկային չափման լրացուցիչ հանդիպում I» համաժողովի ընթացքում Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հակադարձեց Ադրբեջանի իշխանամետ մի ՀԿ-ի ներկայացուցչի անհիմն զրպարտություններին, որոնք ուղղված էին հայ ժողովրդի դեմ։

Համաժողովը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից՝ ԵԱՀԿ շվեյցարական նախագահության շրջանակում, համախմբել էր ԵԱՀԿ մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Ադրբեջանցի ներկայացուցիչը փորձել էր օգտագործել համաժողովի հարթակը՝ պնդելով, թե հայկական դպրոցական դասագրքերը պարունակում են ատելության խոսք և պատմական կեղծիքներ՝ ուղղված ադրբեջանցիների դեմ։

Հերքելով այս անհիմն մեղադրանքները՝ Գասպար Կարապետյանը հղում է կատարել մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լայնածավալ փաստական տվյալներին։ Նա ընդգծել է, որ իրականում հենց Ադրբեջանն ու Ալիևի վարչակարգն են բազմիցս դատապարտվել պետականորեն խրախուսվող հայատյացության և էթնիկ ատելության գործիքակազմի կիրառման համար։ Կարապետյանը մատնանշել է կարևոր դատական որոշումներ և մոնիթորինգային զեկույցներ, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել ռասայական ատելության հրահրումը և պաշտպանել էթնիկ հայերին պետական մակարդակով քաջալերվող խտրականությունից։

Համաժողովը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչպես ներառական և թափանցիկ օրենսդրական գործընթացները կարող են ծառայել որպես պաշտպանական մեխանիզմ ժողովրդավարական նահանջի դեմ։ Այս համատեքստում Կարապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակի վերաբերյալ՝ ընդգծելով երկու կարևոր խնդիր։

Նախ, նա քննադատել է Հայաստանում դատական համակարգի իրական բարեփոխումների բացակայությունը՝ նշելով, որ գործադիր իշխանության չարաշահումները հանգեցրել են դատական անկախության տեսանելի թուլացման։ Ըստ նրա՝ երբ դատական համակարգը հետևում է գործադրի ցուցումներին, այն դադարում է լինել օրենսդրության նկատմամբ վերահսկող և ուղղիչ մեխանիզմ՝ խաթարելով ժողովրդավարական օրենսդրության բուն էությունը։

Երկրորդ, նա նկատել է, որ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը համակարգված կերպով դուրս է մղվում և չի մասնակցում իրական որոշումների կայացման և իրավաստեղծ գործընթացներին։ Այս իրավիճակը, ըստ Կարապետյանի, հակասում է ԵԱՀԿ-ի մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին, որոնք պահանջում են բոլոր քաղաքական դերակատարների ներգրավվածություն՝ ապահովելու ազգային օրենսդրության լեգիտիմությունը։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes