Ընտրություններն ավելի շատ ֆինանսական պայքար են, քան գաղափարների մրցակցություն Մարգար Տեր-Գրիգորյան, March 30, 2026 Հայաստանում ընտրական գործընթացը այսօր ավելի շատ նման է ֆինանսական ռեսուրսների պայքարի, քան քաղաքական գաղափարների մրցակցության։ Այս կարծիքը հայտնել է պետական ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը՝ Երևանում կայացած «Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը. Ռիսկերը ընտրություններից առաջ» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում։ Փորձագետը նախ անդրադարձել է 2024 թվականին ուժի մեջ մտած նոր փոփոխություններին։ Ըստ նրա՝ նախընտրական հիմնադրամին նվիրատվությունների շեմը բարձրացվել է 2,5 միլիոն դրամից մինչև 10 միլիոն դրամ, իսկ հաշվետվությունների ձևը պարզեցվել է՝ ներառելով միայն նվիրատուի անուն-ազգանունը։ Այս փոփոխությունը, Քյուրումյանի կարծիքով, կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Նա նշել է, որ Ազգային ժողովում բավականին շատ են նույն անուն-ազգանվանով մարդիկ, ինչը դժվարացնում է նվիրատուների ճշգրիտ նույնականացումը։ «Անուն-ազգանվանը բավարար չէ անձի ինքնությունը որոշելու համար։ Կան այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են, և միայն անուն-ազգանվան առկայությունը խնդիրներ է ստեղծում», – պարզաբանել է նա։ Քյուրումյանը նաև նկատել է, որ նվիրատվությունների շեմի բարձրացումը ստեղծում է հնարավորություն խոշոր ֆինանսական ներդրումների, այդ թվում՝ ստվերային գումարների ներդրման համար։ Նրա խոսքով՝ դա ռիսկեր է ստեղծում ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմության համար, քանի որ ֆինանսական հոսքերը կարող են դուրս գալ վերահսկողությունից։ «Այսպիսով, առաջանում է եկամուտների և ծախսերի վերահսկման խնդիր։ Պետք է ունենալ հստակ պատկերացում, թե ովքեր են ֆինանսավորում քաղաքական ուժերին, որպեսզի կարողանանք համոզվել, որ մենք ունենք ընտրությունների արդար քաղաքական պայքար», – նկատել է փորձագետը։ Նա կոչ է արել ուշադրություն դարձնել նրան, թե ովքեր են եղել նվիրատվությունների շեմի բարձրացման նախաձեռնողները։ Քյուրումյանը հիշեցրել է, որ այդ նախաձեռնությունը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նման գործողությունները, նրա խոսքով, կասկածներ են հարուցում՝ հարցեր առաջացնելով այդ որոշումների հնարավոր թաքնված նպատակների մասին։ Փորձագետը նաև նշել է, որ իշխանությունների ֆինանսավորմամբ առավել հաճախ հետաքրքրված են գործարարները, որոնք առաջնորդվում են սեփական ֆինանսական շահերով։ «Այսինքն՝ այնտեղ կա թաքնված ֆինանսական շահ, և ամենայն հավանականությամբ՝ կա ինչ-որ պայմանավորվածություն իշխանությունների հետ։ Իհարկե, ֆինանսավորման խնդիրները վերաբերում են նաև այլ քաղաքական ուժերին, բայց ես շեշտը դնում եմ հենց իշխանությունների վրա, քանի որ նրանք կառավարում են պետական ֆինանսները», – պարզաբանել է Քյուրումյանը։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակում մեծ դեր ունի հետաքննական լրագրությունը, որը բացահայտում է նման դեպքերը։ Քանի որ, ինչպես նշել է փորձագետը, այս խնդրի նկատմամբ ուշադրության բացակայությունը կարող է հանգեցնել ընտրությունների արդարության նկատմամբ հանրության վստահության կորստին։ «Ըստ էության, մարդիկ տեսնում են, որ ընտրությունները վաղուց արդեն գաղափարախոսությունների պայքար չեն, այլ վերածվել են ֆինանսական ռեսուրսների պայքարի։ 2018 թվականին Հայաստանի ժողովուրդն ընտրություն կատարելիս մերժում էր հին անարդար կառավարումը և ձգտում արդարության։ Սակայն, քանի որ ժողովուրդը չկարողացավ հասնել դրան, հիասթափությունն այնքան մեծացավ, որ ընտրություններն այսօր վերածվել են ֆինանսական ռեսուրսների պայքարի թատերաբեմի, որոնք քաղաքական ուժերն օգտագործում են ընտրողներին ներգրավելու համար», – եզրափակել է Քյուրումյանը։ Քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանն ավելացրել է, որ նոր փոփոխությունները ստեղծում են նաև կախվածության խնդիր։ Նրա խոսքով՝ երբ կուսակցությունները նախապատվություն են տալիս որոշակի բիզնեսի նվիրատվություններին, հետագայում դա կարող է հանգեցնել նրանցից կախվածության։ Ըստ նրա՝ նոր համակարգի պայմաններում, երբ նվիրատվությունները փոխանցվում են կուսակցությունների միջոցով, ընտրողը կտեսնի միայն կուսակցությանը փոխանցված գումարը, բայց չի իմանա, թե ով է այն փոխանցել։ «Ավելին, նվիրատվություններ կատարած անձանց մասին տեղեկատվությունը հասանելի կլինի միայն հաջորդ տարի։ Սակայն թափանցիկության սկզբունքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե ընտրողը գիտի, թե ով է ֆինանսավորում այն քաղաքական ուժին, որի օգտին իրենք մտադիր են քվեարկել», – եզրափակել է Մուղնեցյանը։ Քաղաքական